Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կստանա՞ ԱԺ 51%-ի աջակցությունը

Կստանա՞ ԱԺ 51%-ի աջակցությունը
12.09.2008 | 00:00

ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՎ
Ազգային ժողովի նախագահի փոփոխության հարցը ներՀՀԿ-ական գզվռտոցից դուրս սկսում է ստանալ համապետական երանգավորում։ Խաղաքարտի վրա է սահմանադրորեն երկրի երկրորդ դեմքի պաշտոնը։ Թեև ՀՀԿ խորհրդի գործադիր մարմնի որոշումից հետո այդ ցանկալի աթոռը զբաղեցնելու Հովիկ Աբրահամյանի շանսերն էապես մեծացել են, բայց Հայաստանն ինքնատիպ երկիր է, որտեղ քաղաքական զարգացումները միշտ էլ պարունակում են շատ կտրուկ շրջադարձերի հնարավորություն։ Հին առածը՝ «Ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում», տվյալ պարագայում ավելի քան տեղին է ու առարկայական։
Հատկապես այն պատճառով, որ պաշտոնակռիվն արդեն ոչ միայն շարքային կուսակցական հարց է, այլև ներքաղաքական կարևոր պրոբլեմ, և այդ խաղի մեջ ակնհայտորեն ներգրավվել են ներքաղաքական զարգացումների ակտիվ մասնակից բոլոր հիմնական սուբյեկտները՝ սկսած հանրապետության գործող նախագահից, վերջացրած երկու նախկին նախագահներով։ Արդեն իսկ տարածվում են տարաբնույթ լուրեր, որ Աբրահամյանի առաջադրումը բոլորովին էլ ՀՀԿ-ի ներսում սկիզբ առած ինքնաբուխ կուսակցական գործընթաց չէ, այլ հրահրված է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա շրջապատի ջանքերով։ Արտաքին քաղաքական վերջին բարդ զարգացումների համատեքստում ոչ անհիմն լուրեր կան, որ, այսպես ասած, «պրոցեսի մեջ են ներգրավվել» ռուսական որոշ շրջանակներ, որոնց համար Սերժ Սարգսյանի շուրջ փակուղային իրավիճակի ստեղծումը և «իրենց մարդկանցով» նրա գործողությունների սահմանափակումը տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ կացության խորապատկերի վրա դարձել են կարևոր խնդիր։
Արդյունքում նախագահը հայտնվել է որոշակի երկընտրանքի առջև. կամ համաձայնել Տիգրան Թորոսյանին փոխարինել Հովիկ Աբրահամյանով, կամ էլ, օգտվելով այս իրավիճակից, ստեղծել նույնիսկ խորհրդարանական ճգնաժամ, լուծարել Ազգային ժողովը և նշանակել նոր ընտրություններ։ Առաջին հայացքից պարադոքս է, բայց իրավիճակը հստակ պարունակում է նաև այդպիսի հնարավորություն։ Սակայն ամեն ինչի մասին հերթականությամբ։
Առաջին տարբերակի դեպքում հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը չի խոչընդոտի Աբրահամյանի ընտրությանը։ Այդպիսով, սեպտեմբերի 16-ին վերջինս «դաբրո» կստանա ՀՀԿ խորհրդում։ Տիգրան Թորոսյանը կա՛մ հրաժարական կտա, կա՛մ անվստահություն հայտնելու ճանապարհով կհեռացվի պաշտոնից՝ պահպանելով Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցիչ կամ եվրոպական որևէ երկրում դեսպան նշանակվելու հեռանկարը։ Աբրահամյանը կդառնա ԱԺ նախագահ, ինչի հետևանքով Սերժ Սարգսյանի քաղաքականությունը կունենա մի շարք կորուստներ։ Ամենից առաջ այն պատճառով, որ Աբրահամյանին «հայկական դեմոկրատիայի հոր» դերում ներկայացնելու ոմանց ջանքերը բացարձակ անհույս են. հանրությունը նրան չափից ավելի լավ է ճանաչում, և այդ կարգի գործչի հայտնվելը նման պաշտոնում չի կարող հասարակության ակտիվ հատվածի շրջանում խորագույն հիասթափություն չառաջացնել այն քաղաքականությունից, որ հռչակել են նախագահն ու վարչապետը։ Բացի այդ, բոլորովին չի բացառվում, որ Աբրահամյանն իր քաղաքական հովանավորների դրդմամբ խորհրդարանական մեծամասնության վերաբաշխման գործընթաց նախաձեռնի՝ իր շուրջը համախմբելով ներկա կառավարության քաղաքականությունից դժգոհ պատգամավորներին և նպատակ ունենալով հասնել Տիգրան Սարգսյանի հրաժարականին։ Որին էլ իբրև փոխարինող նոր մեծամասնությունը կառաջարկի, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Նույնիսկ եթե պատկերացնենք, որ այդ սցենարն անիրագործելի է, ներիշխանական ճգնաժամի հրահրման փորձն անգամ արտաքին քաղաքական այսպիսի բարդ իրավիճակում հղի է լուրջ հետևանքներով։ Մանավանդ որ դա ինքնին կբերի արմատական ընդդիմության ակտիվացման։ Ընդդիմադիր գործիչների մեծամասնությունը, նույնիսկ երազում Ռոբերտ Քոչարյանին տեսնելով, երկար ժամանակ չի կարողանում հարթել զայրույթից փչացած սանրվածքը։ Հանրագումարում պարզ է, որ ցանկացած պարագայում, Աբրահամյանի հայտնվելն ԱԺ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի համար, քաղաքական առումով, որևէ դրական բան ավելացնել չի կարող, բայց առնվազն հասարակության հետ իշխանության այնքան անհրաժեշտ երկխոսության տեսանկյունից հաստատ բացասական ազդեցություն կունենա։
Սակայն իրավիճակը պարունակում է երկրորդ սցենարի հնարավորությունը։ Նախագահի դիրքորոշման փոփոխության արդյունքում Աբրահամյանի թեկնածությունը սեպտեմբերի 16-ի ՀՀԿ խորհրդի նիստում կարող է և չհաստատվել։ Այդ դեպքում ամեն ինչ կմնա նույնը, եթե, իհարկե, Տիգրան Թորոսյանը տևական քաշքշուկից վիրավորված հանկարծ չորոշի թքել ամեն ինչի վրա և կամավոր հրաժարական տալ։ Բայց սա քիչ հավանական զարգացում է։ Կամ էլ Աբրահամյանի թեկնածությունը կարող է հաստատվել ՀՀԿ խորհրդի նիստում, Թորոսյանի հրաժարականից հետո դրվել քվեարկության։ Բայց քանի որ Ազգային ժողովի ղեկավարության ընտրության քվեարկությունն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային ձևով, այլ փակ գաղտնի և քվեաթերթիկներով, հանրագումարում կարող է ստացվել և այնպես, որ Աբրահամյանը չստանա Ազգային ժողովի 51%-ի աջակցությունը, որը ենթադրում է 66 կողմ ձայների առկայություն։ Այդ դեպքում ԱԺ նախագահի պաշտոնն առժամանակ կմնա թափուր, կնշանակվեն նոր ընտրություններ, որտեղ կարող են առաջադրվել նաև այլ թեկնածուներ, կարող են լինել ինքնառաջադրումներ, և հանրագումարում դարձյալ ոչ ոք չի ընտրվի։ Երկու ամիս այս իրավիճակի պահպանման դեպքում ակնհայտ կդառնա, որ խորհրդարանը գործունակ չէ, և, ըստ սահմանադրության նորմի, նախագահը կարող է հանգիստ լուծարել այն ու նշանակել նոր ընտրություններ։ Անշուշտ, այս սցենարն ավելի շուտ իրագործելի է հանդարտ արտաքին քաղաքական իրավիճակում, բայց միաժամանակ չի բացառվում, որ իրագործվի հենց արտաքին քաղաքական կարևոր շարժառիթներից ելնելով։
Բնականաբար, առաջանում է հարցադրում, որ ԱԺ լուծարումը շատ դժվար է գլուխ բերել առանց կոալիցիայի մյուս կուսակցությունների համաձայնության։ Սակայն այստեղ չպետք է մոռանանք մի կարևոր հանգամանք. ֆորսմաժորային իրավիճակը Հայաստանում այսօր բացառված է, որովհետև ուժային կառույցներն անկասկած և լիովին վերահսկվում են նախագահի կողմից։ Խորհրդարանականները սովորաբար անհնազանդություն են ցուցաբերում, երբ վերոնշյալ հանգամանքը, մեղմ ասած, կասկածելի է։ Բացի այդ, կոալիցիոն կուսակցությունները՝ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, հազիվ թե դեմ լինեն, եթե երաշխիքներ ստանան, որ գործադիր իշխանությունում իրենց քվոտաները կպահպանվեն։ Այդ մարդիկ արդեն սովորել են երթևեկել սպասարկող մեքենաներով, պաշտոն ու մանդատ ունենալ, մի խոսքով՝ լինել իշխանության մեջ և իշխանության հետ։ Նրանք երբեք առարկայական դիմադրություն չեն ցույց տա երկրի առաջին դեմքին, եթե վերջինս վճռական որոշում է կայացրել։
Այնպես որ, առկա երկընտրանքում Սերժ Սարգսյանը ցանկացած ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Կոնկրետ որ՞ն է լինելու այդ ընտրությունը, առայժմ միայն այս հարցն է, որ մնում է բաց։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4682

Մեկնաբանություններ